Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/2/2022
share

Մարզպետի` թեղուտցիների հետ հանդիպումը անորոշության է հանգեցրել

Թեղուտի բնակիչների հանդիպումը Լոռու մարզպետի հետ կայացել էր դեռ հունվարի 26-ին, այն բանից հետո, երբ Թեղուտի մի խումբ բնակիչներ «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ներկայացնելով իրենց պահանջները։

Խնդրին տեղում ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետը խոստացել էր հաջորդ շաբաթ Թեղուտ գալ։

«Ըստ մեր պայմանավորվածության՝ մարզպետը պետք է գար մինչև ուրբաթ օրը, բայց այսօր է եկել, պետք է միասին հանդիպեինք «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որը տեղի չունեցավ, մարզպետը առանձին գյուղապետի և պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հանդիպեց տնօրինության հետ»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ Թեղուտի բնակիչները Լոռու մարզպետի հետ հանդիպման ժամանակ ցանկություն էին հայտնել, որ իրենց հանդիպումը լինի եռակողմ, «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինության հետ, բայց հանդիպումը այդ ձևաչափով տեղի չունեցավ։ Թեղուտցիները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց հայտնի չէ, թե Լոռու մարզպետն ու «Թեղուտ» ՓԲԸ տնօրինությունը ինչ են քննարկել։

Իրենք մարզպետի հետ հանդիպել են գյուղապետարանում և այդպես էլ կոնկրետ պատասխան չեն ստացել։ Ասում են՝ խոստացել են իրենց պահանջները լուծել որոշ ժամանակ հետո։

«Երկու հոգու կանչել են մի շաբաթ առաջ, գնացել են դիմում գրել աշխատանքի համար, բայց իրենք էլ անորոշ վիճակում են, իսկ թե ի՞նչ կլինի իրենց և մնացածների հարցի պատասխանները՝ անորոշ է։ Խոստանում են, որ հարցը կլուծվի , բայց ինչպե՞ս, ե՞րբ։ Մենք 2019 թ․-ից սպասում ենք, նույն պատասխանը լսում ենք հազար անգամ»,- ասում է Թեղուտի բնակիչ Եղիշե Հոբոսյանը։  

Հիշեցնենք, թեղուտցիները պահանջում են դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր, Թեղուտի բնակչության համար ապահովել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ և աշխատատեղեր, քանի դեռ Թեղուտի բնակչությունը զրկված է գյուղատնտեսական հողերից, և առայժմ ստեղծված չեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ, Թեղուտի գործազուրկ բնակչությանը ապահովել աշխատատեղերով։

cvmedia.am 

4

facebook sharing button facebook